Ապրիլի 26-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ մասնագիտական քննարկում

26.04.2025

Ապրիլի 26-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ մասնագիտական քննարկում

Ապրիլի 26-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ մասնագիտական քննարկում` 2025թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող հաշվապահական ծառայություն մատուցողների համար սահմանված հարկային բեռի բարձրացմանն առնչվող խնդիրների և դրանց հնարավոր հետևանքների վերաբերյալ։
Քննարկմանը մասնակցում էին հաշվապահներ և ՓՄՁ համայնքի ներկայացուցիչներ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից։
Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, ով ներկայացրեց տարվա կեսից հարկման ռեժիմ փոխելու ռիսկերը, հաշվապահական ընկերությունների անհանգստությունները և այլ խնդիրներ, որոնք Ասոցիացիային են ներկայացվել ինչպես Ասոցիացիայի անդամ, այնպես էլ ոչ անդամ տարբեր մարզերում գործող հաշվապահներից և հաշվապահական ընկերություններից։
Այնուհետև ելույթ ունեցավ Փոքր և միջին ձեռնարկությունների համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը, ով ներկայացրեց վերոնշյալ փոփոխությունների արդյունքում ՓՄՁ համայնքի առջև ծառացած խնդիրները և հնարավոր հետևանքները։
Ելույթներով հանդես եկան նաև Ասոցիացիայի անդամ չհանդիսացող հաշվապահներ՝ Սմարթ Պրոֆ հաշվապահական ընկերության տնօրեն Կարինե Մանուկյանը, Սեյֆ Ինվեսթ հաշվապահական գրասենյակի ներկայացուցիչ Սուսաննա Ամիրջամյանը և այլ անձինք, ովքեր նշեցին, որ տվյալ փոփոխությունները հանգեցնելու են մի շարք խնդիրների թե’ ծառայություն մատուցողների, թե’ ծառայությունը ստացողների համար։
Քննարկման ավարտին մասնակիցները հույս հայտնեցին, որ պատկան մարմինները կլսեն ներկայացված բոլոր փաստարկները, կհետաձգեն օրենքի ընդունումը մինչև 2026թ. հունվարի 1-ը, ինչն էլ հնարավորություն կտա հարկման ռեժիմի փոփոխության արդյունքում կատարել գների պատշաճ վերանայում։

Կիսվել սոց․ ցանցերում