2019 թվականի ապրիլի 29-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղի ունեցավ «ՀՀ հարկման այլընտրանքային համակարգերի մոնիթորինգի և բարելավման ծրագրի» շրջանակներում կազմակերպված հանդիպում Սյունիքի մարզի տնտեսվարող սուբյեկտների հետ
29.04.2019

Հանդիպման ընթացքում «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, ծրագրի ղեկավար Վահագն Համբարձումյանը տնտեսվարող սուբյեկտներին իրազեկման կարգով ներկայացրեց շրջանառության հարկի գործող համակարգի, ինչպես նաև հարկային օրենսգրքի փոփոխության նախագծով նախատեսված միկրոձեռնարկատիրության համակարգի առանձնահատկությունները, որից հետո համատեղ քննարկեցին շրջանառության հարկի համակարգում աշխատելու ընթացքում առաջացած և միկրոձեռնարկատիրության համակարգում կանխատեսվող հավանական խնդիրները: Տնտեսվարող սուբյեկտները ներկայացրեցին իրենց առաջարկությունները՝ լրացնելով դրանք նախապես մշակված թերթիկներում, որոնք կվերլուծվեն ծրագրի փորձագետների կողմից, որի արդյունքում էլ կմշակվի առկա խնդիրների լուծման համար առաջարկությունների ամբողջական փաթեթ և կներկայացվի համապատասխան պետական գերատեսչություններին:
Ծրագրի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, ով, կարևորելով այսպիսի ծրագրերի իրականացումը, շնորհակալություն հայտնեց Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանին և պատրաստակամություն հայտնեց միշտ աջակցել նմանատիպ միջոցառումների իրականացմանը:
Այս հանդիպումը կազմակերպվել էր «ՀՀ հարկման այլընտրանքային համակարգերի մոնիթորինգի և բարելավման ծրագրի» շրջանակներում: Ծրագիրը իրականացնում է «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆիանսավորվում է Եվրոպական միության կողմից: