2019 թվականի ապրիլի 26-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ «ՀՀ հարկման այլընտրանքային համակարգերի մոնիթորինգի և բարելավման ծրագրի» շրջանակներում կազմակերպված հանդիպում Տավուշի մարզի տնտեսվարող սուբյեկտների հետ

26.04.2019

ՀՀ հարկման այլընտրանքային համակարգերի մոնիթորինգի և բարելավման ծրագիր

Հանդիպման ընթացքում «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, ծրագրի ղեկավար Վահագն Համբարձումյանը տնտեսվարող սուբյեկտներին իրազեկման կարգով ներկայացրեց շրջանառության հարկի գործող համակարգի, ինչպես նաև հարկային օրենսգրքի փոփոխության նախագծով նախատեսված միկրոձեռնարկատիրության համակարգի առանձնահատկությունները, որից հետո համատեղ քննարկեցին շրջանառության հարկի համակարգում աշխատելու ընթացքում առաջացած և միկրոձեռնարկատիրության համակարգում կանխատեսվող հավանական խնդիրները: Տնտեսվարող սուբյեկտները ներկայացրեցին իրենց առաջարկությունները՝ լրացնելով դրանք նախապես մշակված թերթիկներում, որոնք կվերլուծվեն ծրագրի փորձագետների կողմից, որի արդյունքում էլ կմշակվի առկա խնդիրների լուծման համար առաջարկությունների ամբողջական փաթեթ և կներկայացվի համապատասխան պետական գերատեսչություններին:
Ծրագրի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Մարզպետ Հայկ Չոբանյանը կարևորեց այսպիսի ծրագրերի իրականացումը մարզում և պատրաստակամություն հայտնեց համագործակցել Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի հետ և միշտ աջակցել նմանատիպ միջոցառումների իրականացմանը: Քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը շնորհակալություն հայտնեց Վահագն Համբարձումյանին և ծրագրի բոլոր կազմակերպիչներին՝ Դիլիջան քաղաքում նման միջոցառում իրականացնելու համար:
Այս հանդիպումը կազմակերպվել էր «ՀՀ հարկման այլընտրանքային համակարգերի մոնիթորինգի և բարելավման ծրագրի» շրջանակներում: Ծրագիրը իրականացնում է «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆիանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Կիսվել սոց․ ցանցերում