2015թ. հուլիսի 18-ին Էջմիածնի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ» գրքի շնորհանդեսը

18.07.2015

Հարկ վճարողի ուղեցույց

2015թ. հուլիսի 18-ին Էջմիածնի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախաձեռնությամբ և Ասիական զարգացման բանկի ու ԱՄՆ ՄԶԳ հարկային բարեփոխումների ծրագրի աջակցությամբ հրատարակված «ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ» գրքի շնորհանդեսը: Ուղեցույցը պարունակում է հարկ վճարողների գործունեությունը կարգավորող հիմնական իրավական ակտերից քաղված, գործնականում հաճախ հանդիպող հարց ու պատասխաններ` իրավական ակտերին կատարված հղումներով: Շնորհանդեսին Վահագն Համբարձումյանին և մյուս համահեղինակներին շնորհավորելու էին եկել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, Էջմիածնի տարածքային հարկային տեսչության պաշտոնյաներ, ինչպես նաև Էջմիածնում գործող մոտ երկու հարյուր հաշվապահներ և ֆինանսական ոլորտի աշխատակիցներ: Էջմիածնի քաղաքապետի շնորհավորանքից հետո Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը մասնակիցներին ներկայացրեց գրքի բովանդակությունն ու կառուցվածքը, ինչպես նաև ծանոթացրեց Ասոցիացիայի գործունեությանն ու հիմնական նպատակներին: Բոլորի կողմից ուղեցույցի հրատարակումը որակվեց որպես նախադեպը չունեցող և ճիշտ ժամանակին հանրությանը ներկայացվող աշխատություն: Վահագն Համբարձումյանը վստահեցրեց, որ ուղեցույցը տարին մեկ անգամ կթարմացվի և, որպես Ասոցիացիայի պարբերական, յուրաքանչյուր տարվա սկզբին կհրատարակվի ու կտրամադրվի հանրությանը: Շնորհանդեսին բոլորին անվճար տրամադրվեց ուղեցույցի մեկական օրինակ:

Կիսվել սոց․ ցանցերում