2015թ. հուլիսի 10-ին Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ» գրքի շնորհանդեսը
10.07.2015

2015թ. հուլիսի 10-ին Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախաձեռնությամբ և Ասիական զարգացման բանկի ու ԱՄՆ ՄԶԳ հարկային բարեփոխումների ծրագրի աջակցությամբ հրատարակված «ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ» գրքի շնորհանդեսը: Ուղեցույցը պարունակում է հարկ վճարողների գործունեությունը կարգավորող հիմնական իրավական ակտերից քաղված, գործնականում հաճախ հանդիպող հարց ու պատասխաններ` իրավական ակտերին կատարված հղումներով: Շնորհանդեսին Վահագն Համբարձումյանին և մյուս համահեղինակներին շնորհավորելու էին եկել Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, Կապանի տարածքային հարկային տեսչության պաշտոնյաներ, ինչպես նաև Կապանում գործող հիսունից ավել հաշվապահներ և ֆինանսական ոլորտի աշխատակիցներ: Կապանի քաղաքապետի շնորհավորանքից հետո Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը մասնակիցներին ներկայացրեց գրքի բովանդակությունն ու կառուցվածքը, ինչպես նաև ծանոթացրեց Ասոցիացիայի գործունեությանն ու հիմնական նպատակներին: Բոլորի կողմից ուղեցույցի հրատարակումը որակվեց որպես նախադեպը չունեցող և ճիշտ ժամանակին հանրությանը ներկայացվող աշխատություն: Մասնակիցներից ոմանք առաջարկեցին մարզերում առնվազն տարին մեկ կազմակերպել նման հանդիպումներ, որոնց ընթացքում իրենք հնարավորություն կունենան ձեռք բերել Ուղեցույցներ և այլ օգտակար նյութեր: Վահագն Համբարձումյանը ընդունելով բոլոր առաջարկությունները` վստահեցրեց, որ ուղեցույցը տարին մեկ անգամ կթարմացվի և, որպես Ասոցիացիայի պարբերական, յուրաքանչյուր տարվա սկզբին կհրատարակվի ու կտրամադրվի հանրությանը: Շնորհանդեսին բոլորին անվճար տրամադրվեց ուղեցույցի մեկական օրինակ: