ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՐԵՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎ

25.07.2026

Հուլիսի 25-ին Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության 34-րդ արտահերթ համաժողովը, որին մասնակցում էին Ասոցիացիայի 119 անդամներ։
Մինչ համաժողովի օրակարգային հարցերին անցնելը, Ասոցիացիայի հիմնադիր, Խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը շնորհավորեց Ասոցիացիայի անդամ Հովհաննես Սարգսյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, ապա ողջունեց Ասոցիացիային նոր անդամագրված անդամներին։
Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը ներկայացրեց համաժողովի օրակարգային հարցերը.

  1. 2026-2030 թվականների ռազմավարական ուղղությունների քննարկում,
  2. Խնդիրների բարձրաձայնում և առաջարկների ներկայացում։

Համաժողովը կայացավ պատվիրակների մասնակցությամբ և համարվեց իրավազոր։ Ներկայացված օրակարգային բոլոր հարցերը բաց քվեարկությամբ ընդունվեցին միաձայն։
Համաժողովի առաջին հատվածում Ասոցիացիայի անդամները քննարկեցին կազմակերպության առաջիկա տարիների զարգացման ռազմավարական ուղղությունները, ներկայացրին իրենց առաջարկներն ու բարձրաձայնեցին ոլորտին առնչվող խնդիրները։
Համաժողովի երկրորդ հատվածում Վահագն Համբարձումյանը անցկացրեց «Կորպորատիվ կառավարում» խորագրով հերթական սեմինարը` միտված Ասոցիացիայի անդամների մասնագիտական, կառավարման և հաղորդակցման հմտությունների զարգացմանը։
Այնուհետև տեղի ունեցավ օրենսդրական փոփոխություններին նվիրված քննարկում, որի ընթացքում մասնակիցները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը, կարծիքներ փոխանակեցին և ստացան մասնագիտական պարզաբանումներ։
Համաժողովի ավարտին «Տոչ Մաստեր» ՍՊԸ-ի (Touch Master) տնօրեն Տիգրան Մարտիրոսյանը և ընկերության վերլուծական բաժնի ղեկավար Լաերտ Թորոսյանը ներկայացրին ՀԴՄ սարքերի նոր լուծումներն ու հնարավորությունները՝ անդրադառնալով դրանց կիրառման առանձնահատկություններին և առավելություններին, ինչպես նաև պատասխանեցին մասնակիցների հարցերին։
Շնորհակալություն ենք հայտնում համաժողովի բոլոր մասնակիցներին ակտիվ մասնակցության, կառուցողական քննարկումների և արժեքավոր առաջարկների համար, ինչպես նաև մեր գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար։

Կիսվել սոց․ ցանցերում