Աշխատանքային այցելություն Ղազախստանի Հանրապետություն

23.04.2023

Վահագն Համբարձումյան

2023 թվականի ապրիլի 23-ից 30-ը Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում էր: Այցի շրջանակում Ասոցիացիայի նախագահը հանդիպում ունեցավ Ղազախստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և աուդիտի բնագավառում առաջատար դիրքեր զբաղեցնող «УЧЁТ» ընկերությունների խմբի Учет.kz հիմնադիր, Ղազախստանի Պրոֆեսիոնալ Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ, «ԱՏԱՄԵԿԵՆ» Ղազախստանի Հանրապետության ձեռնարկատերերի Ազգային Պալատի Ալմաթի շրջանի ղեկավար Մաքսիմ Բարըշևի հետ: Հանդիպումների ընթացքում Ղազախստանի գործընկերները Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանին ներկայացրեցին իրենց հիմնական նպատակներն ու տեսլականները, գործունեությունների ուղղություններն ու առանձնահատկությունները, ծանոթացրեցին աշխատանքային գործընթացներին: Վահագն Համբարձումյանն իր հերթին գործընկերներին ներկայացրեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի առաքելությունն ու նպատակները, դրանց իրագործմանն ուղղված Ասոցիացիայի ռազմավարական ծրագրերը, կատարված ու կատարվելիք անելիքները: Ղազախստանի գործընկերներին ներկայացվեց նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի կողմից անդամ հաշվապահներին տրամադրվող «ՄԵՏԱՍՈՖԹ» ծրագիրը, վերջինիս միջոցով հաշվապահների աշխատանքի անսխալության և արագության բարձրացմանը նպաստող ծրագրային գործիքները: Ծրագրի կառուցվածքը, տրամաբանություններն ու գործիքակազմերը բարձր տպավորություն թողեցին Ղազախստանի գործընկերների վրա, ինչի արդյունքում գործընկերները պատրաստակամություն հայտնեցին քննարկել Ղազախստանում ծրագրի հետագա ներդրման գաղափարը:
Այցի ավարտին կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համագործակցությունը փորձի փոխանակման, ինչպես նաև երկու երկրներում պրոդուկտների ներդրման և բիզնեսների ընդլայնման երկարատև ծրագրերով։

Կիսվել սոց․ ցանցերում