ՓՄՁ Զարգացման Խորհրդի 29-րդ նիստը

16.12.2025

Դեկտեմբերի 16-ին Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացավ ՓՄՁ Զարգացման Խորհրդի 29-րդ նիստը:
Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը։
Նիստի ընթացքում քննարկվեց Հայաստանի ձեռներեցության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագիծը։ Նախագիծը նախապես քննարկվել էր ՓՄՁ զարգացման ենթախորհրդի 34-րդ նիստի ընթացքում, որի շրջանակում խորհրդի անդամները ներկայացրել էին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։ Ստացված կարծիքների հիման վրա նախագիծը վերամշակվել և ներկայացվել է քննարկման՝ ՓՄՁ զարգացման խորհրդի դեկտեմբերի 16-ի նիստում։
Նախագծի մանրամասն ներկայացումից հետո ՓՄՁ զարգացման խորհրդի անդամներն իրենց դիրքորոշումը հայտնեցին վերջինիս վերաբերյալ` ուղղելով իրենց հարցերն ու առաջարկությունները:
Քննարկման ընթացքում հնչեցված հիմնական խնդրահարույց հարցերից առանցքայինը վերաբերում էր ռազմավարության իրագործումն իրականացնող կառույցին։ Այս համատեքստում քննարկվեցին համապատասխան կառույցի ձևավորման երկու հնարավոր մոդելներ։
Ամփոփելով նիստի աշխատանքները և շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը իր եզրափակիչ խոսքում կարևորեց ներկայացված առաջարկների նշանակությունը և առաջարկեց ներկայացված մոդելների համեմատական քննարկումն ու դրանցից նախընտրելի տարբերակի ընտրությունը շարունակել հաջորդ նիստում, որը կկայանա հունվար ամսին` նիստի մասնակիցներին հորդորելով այդ ընթացքում ձևավորել իրենց դիրքորոշումը ներկայացված մոդելների վերաբերյալ։ Հաջորդ փուլում նախատեսվում է ձևավորել վերջնական մոտեցում ռազմավարության իրագործման մոդելի վերաբերյալ, ինչից հետո հետագա քայլերը կուղղվեն ռազմավարական ծրագրի հաստատման և իրագործման գործընթացին։

Կիսվել սոց․ ցանցերում