Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանի հանդիպումը ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողների հետ
11.09.2025

Սեպտեմբերի 11-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, խորհրդի անդամ Միհրան Թադևոսյանը և մի շարք անդամներ հյուրընկալվեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսատնտեսագիտական քոլեջում։
Քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանի և անձնակազմի ջերմ ընդունելությունից հետո Ասոցիացիայի նախագահը ուսանողներին ներկայացրեց Ասոցիացիայի առաքելությունը, տեսլականը, նպատակները, կորպորատիվ մշակույթի հիմնական տարրերը և կադրային քաղաքականությունը` կարևորելով կրթության դերը արդի մրցունակ շուկայում:
Ասոցիացիայի և Համալսարանի միջև համագործակցության հուշագրի շրջանակում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել Ասոցիացիայի անվանական կրթաթոշակների տրամադրումը բարձր առաջադիմությամբ ուսանողներին` այս անգամ հնարավորություն ընձեռելով «Հաշվապահական հաշվառում» և «Ֆինանսներ» մասնագիտությամբ սովորող 2-րդ կուրսի ուսանողներին։
Այնուհետև Ասոցիացիայի Խորհրդի անդամ Միհրան Թադևոսյանի կողմից ներկայացվեցին կրթաթոշակին դիմելու կարգն ու պայմանները։
Քննարկումը հագեցած էր ակտիվ հարց ու պատասխանով, որի ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերն ու ստացան պատասխաններ։
Շնորհակալություն ենք հայտնում քոլեջի տնօրինությանը համագործակցության, վստահության և ջերմ հյուրընկալության համար։