Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանի հանդիպումը «Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ» ՊՈԱԿ-ի ուսանողների հետ

17.09.2026

Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը հանդիպում ունեցավ «Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ» ՊՈԱԿ-ի ուսանողների հետ։ Ներկաներին ողջունեցին «Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Տեր-Գրիգորյանը, կարիերայի ուղղորդման պատասխանատու Արմինե Գասպարյանը, քոլեջի դասախոսներ և աշխատակազմի ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում Ասոցիացիայի նախագահը ուսանողներին ներկայացրեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան, դրա առաքելությունը, գործունեության հիմնական ուղղություններն ու հնարավորությունները՝ կարևորելով մասնագիտական կրթության և շարունակական զարգացման դերը։
Ասոցիացիայի և քոլեջի միջև 2025 թվականի մայիսի 15-ին կնքված համագործակցության հուշագրի շրջանակում ներկայացվեց 2027–2028 ուսումնական տարվա համար բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար նախատեսված Ասոցիացիայի անվանական կրթաթոշակի ծրագիրը, ինչպես նաև դրան դիմելու կարգն ու պայմանները։ Կրթաթոշակ ստացող ուսանողները հետագայում հնարավորություն կունենան աշխատանքի անցնել Ասոցիացիայում կամ Ասոցիացիայի անդամ կազմակերպություններում՝ շարունակելով իրենց մասնագիտական զարգացումը։
Հանդիպմանը մասնակցեց նաև նախորդ տարվա կրթաթոշակառու, քոլեջի ուսանող Մարիա Մկրտչյանը, ով ներկաների հետ կիսվեց իր փորձով և կրթաթոշակի ծրագրի շրջանակում ունեցած իր փորձառությամբ։ Քննարկումը հագեցած էր ակտիվ հարցուպատասխանով, որի ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերն ու ստացան պատասխաններ։
Շնորհակալություն ենք հայտնում քոլեջի տնօրինությանը համագործակցության, վստահության և հյուրընկալության համար։

Կիսվել սոց․ ցանցերում