Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անդամների հանդիպումը ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողների հետ

18.09.2026

Սեպտեմբերի 18-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը և Ասոցիացիայի անդամ Շուշանիկ Շուշանյանը հանդիպում ունեցան ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի (ՀՊՏՀ քոլեջ - ASUE college) ուսանողների հետ։
Ներկաներին ողջունեց ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև քոլեջի աշխատակազմի ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը ուսանողներին ներկայացրեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան, դրա առաքելությունը, գործունեության հիմնական ուղղություններն ու հնարավորությունները՝ կարևորելով մասնագիտական կրթության և շարունակական զարգացման դերը։ Ասոցիացիայի և քոլեջի միջև համագործակցության շրջանակում նա ներկայացրեց նաև Ասոցիացիայի անվանական կրթաթոշակի ծրագիրը, դրան դիմելու կարգն ու պայմանները, ինչպես նաև կրթաթոշակ ստանալու և մասնագիտական զարգացման հետագա հնարավորությունները։
Հանդիպմանը ելույթով հանդես եկավ քոլեջի շրջանավարտ, 2024–2025 ուսումնական տարվա կրթաթոշակառու և Ասոցիացիայի անդամ Նարե Թամրազյանը, ով ուսանողների հետ կիսվեց իր փորձով և ներկայացրեց կրթաթոշակի ծրագրի շրջանակում իր անցած ճանապարհը։
Իրենց փորձով և կրթաթոշակի ծրագրի շրջանակում ունեցած հնարավորություններով ուսանողների հետ կիսվեցին նաև 2026–2027 ուսումնական տարվա կրթաթոշակի հաղթողներ Ալիսա Առուստամյանը, Էլեն Գրիգորյանը, Լիլիա Թադևոսյանը և Հասմիկ Համբարձումյանը։
Քննարկումը հագեցած էր ակտիվ հարցուպատասխանով, որի ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերն ու ստացան պատասխաններ։
Շնորհակալություն ենք հայտնում քոլեջի տնօրինությանը համագործակցության, վստահության և հյուրընկալության համար։

Կիսվել սոց․ ցանցերում