Ասոցիացիայի նախագահը մասնակցեց ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստին

11.02.2026

Փետրվարի 10-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։
Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը։
Համաձայն նախորդ նիստում ձեռք բերված պայմանավորվածության՝ մանրամասն անդրադարձ կատարվեց Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026-2030թթ․ ռազմավարական ծրագրի նախագծի բովանդակությանը, այդ թվում՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորման խնդրին։ Այս համատեքստում Խորհրդի անդամները մտքեր փոխանակեցին ծրագիրը պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով իրականացնելու հնարավորության վերաբերյալ՝ նախատեսվող միջոցառումների արդյունավետությունը և հաշվետվողականությունն ապահովելու նպատակով։
Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի գործունեությանը վերաբերող օրենսդրական խոչընդոտներին։ Մասնավոր հատվածի կողմից ներկայացված դիտարկումների հաշվառմամբ՝ ձեռք բերվեց համաձայնություն ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի գործունեության տեսանկյունից առավել ճկուն կարգավորումներ սահմանելու առաջարկի վերաբերյալ։

Կիսվել սոց․ ցանցերում