2026 թվականի հուլիսի 21-ին կայացավ սույն թվականին ձևավորված Հանրապետական եռակողմ հանձնաժողովի առաջին նիստը
21.07.2026
Հուլիսի 21-ին ԱՍՀ նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում ձևավորված Հանրապետական եռակողմ հանձնաժողովի առաջին նիստը։ Նիստին մասնակցեցին ՀՀ Կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչները։
Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը։ Նախարարի տեղակալը իր ելույթում կարևորեց սոցիալական գործընկերների միջև եռակողմ ինտենսիվ համագործակցությունը՝ նկատի ունենալով այն, որ առաջիկայում մեծածավալ աշխատանքներ պետք է իրականացվեն աշխատանքային հարաբերությունների կարգավորումների փոփոխությունների ուղղությամբ։
Նիստի ընթացքում քննարկվեց և հաստատվեց հանձնաժողովի աշխատակարգը՝ հաշվի առնելով մասնակիցների առաջարկություններն ու դիտարկումները։
Աշխատակարգով սահմանվում են հանձնաժողովի նպատակները, խնդիրները, լիազորությունները, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման ընթացակարգը։
Քննարկվեցին նաև Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովող գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների կազմակերպման հարցը, պայմանավորվածություն ձեռք բերվեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել գործողությունների ծրագրի առաջին նախագիծը՝ այն հանձնաժողովի հաջորդ նիստի քննարկմանը ներկայացնելու նպատակով: